ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հույս ունի վերադառնալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղում Ուկրաինայի դերակատարության քննարկմանն այն բանից հետո, երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունն այդ երկրում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր Գլխավոր ասամբլեայում քննարկվում են Ուկրաինայի հարցով հումանիտար բանաձևերի երկու նախագիծ՝ մի կողմից արևմտյան երկրների խմբի ու մյուս կողմից՝ Հարավաֆրիկյան Հանրապետության: Եթե առաջին նախագիծը հումանիտար դրույթներից բացի պարունակում է քաղաքական գնահատականներ, կոչ է անում ՌԴ-ին դադարեցնել հարձակումն Ուկրաինայում և ռուսական կողմին մեղադրում է հումանիտար ճգնաժամի մեջ, ապա երկրորդ նախագիծն ավելի չեզոք է, կենտրոնացած է զուտ հումանիտար խնդիրների լուծման վրա և կոնկրետ Ռուսաստանի գործողությունների դատապարտումը չի պարունակում։
Նեբենզյան նշել է, որ ուկրաինական նախագծի վնասը նաև նրանում է, որ «այն նկարում է տեղի ունեցածի կեղծ միաչափ պատկերը՝ անտեսելով Ուկրաինայի ճգնաժամի պատճառներն ու լռում այն մասին, որ այդ երկիրն ու դրա ժողովրդին արևմտյան երկրներն ընդամենը որպես շախմատային զինվոր են օգտագործում Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղում»:
«Կարծում եմ՝ այդ հարցին դեռ կվերադառնանք մեր հատուկ ռազմական գործողության ավարտից հետո», - ավելացրել է նա:
Նեբենզյան ողջախոհ երկրներին կոչ է արել չաջակցել արևմտյան երկրների ներկայացրած նախագծին:
«Մենք առանձնացնում ենք ՀԱՀ-ի մեր գործընկերների նախաձեռնությունը, որոնք Անվտանգության խորհրդում մեր հումանիտար նախագծին շատ մոտ այլընտրանքային տեքստ են ներկայացրել։ Մեզ համար հասկանալի է այդ նախագծի մարդասիրական ուղղվածությունը», - նշել է նա և կոչ արել աջակցել այդ նախագծին։
ՀԱՀ-ի բանաձևի նախագիծը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ նշելով, որ բանակցությունների հիման վրա ձեռք բերված հրադադարը չափազանց կարևոր է խաղաղ քաղաքացիների տարհանման համար:
Տեքստում ասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը խրախուսում է բանակցությունների անցկացումը, կողմերից պահանջում ապահովել խաղաղ քաղաքացիների, հումանիտար ու բժշկական աշխատողների, ինչպես նաև քաղաքացիական ու բժշկական ենթակառուցվածքների պաշտպանությունը:
Նախագծի համաձայն՝ Գլխավոր վեհաժողովը կողմերից պահանջում է ապահովել խաղաղ քաղաքացիների պաշտպանությունը, որոնք ուզում են լքել հակամարտության գոտին։ Հեղինակները քննարկում են հումանիտար իրավունքի խախտման դեպքերը։ Ի տարբերություն ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշումների՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չի կարող պետության նկատմամբ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել։