Մոլդովա գործուղված ԱԳՆ ներկայացուցիչն օգնում է Ուկրաինայից եկած ՀՀ քաղաքացիներին

Սահմանը հատած և Մոլդովայում ապաստան խնդրած հայերին ցուցաբերվել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ կապված` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրամանով Մոլդովա էր գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը։
ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին աջակցում է Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ քաղաքացիներին
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ուկրաինայից Մոլդովայում ապաստանող և երկիրը տարանցող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։
«ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շուրջօրյա ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով և սննդով ապահովման, Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրամանով ԱԳՆ ներկայացուցիչ է գործուղվել Հունգարիա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։