Կրթական հաստատություններն Արցախում այս շաբաթ չեն գործի. ջեռուցման խնդիր կա

Ձյուն Ստեփանակերտում
Աշակերտներն ու ուսանողները բաց թողած դասերը կլրացնեն հետագայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ կրթական հաստատություններն Արցախում այս շաբաթ չեն գործի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին։ Իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն իսկ սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։