ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik․ WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա երկու երեխաների մայրը` Ստելլա Մորիսը, ամուսնացել են Բելմարշ բրիտանական բանտում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Արարողությունից հետո Մորիսը դուրս է եկել Ասանժի համախոհների և լրագրողների մոտ, որոնք հավաքվել էին բանտի տարածքում և հայտարարել, որ ինքը շատ երջանիկ է, բայց նաև շատ տխուր։ Մորիսը Բելմարշի տարածքում մոտ 4 ժամ է անցկացրել։
«Չգիտեմ ինչ ասել։ Ես շատ երջանիկ եմ և շատ տխուր։ Ես սիրում եմ Ջուլիանին ամբողջ սրտով, և ես կցանկանայի, որ նա այստեղ լիներ... Նա աշխարհի ամենազարմանալի մարդն է և նա պետք է ազատ լինի», – ասել է Մորիսը։
Ասանժի համախոհները կեսօրից հավաքվել են Բելմարշի մոտ, իսկ նրանց պատրաստած սեղանի վրա նորապսակների ֆիգուրներով հարսանեկան տորթ էր դրված։
Մորիսը Բելմարշ էր եկել երկու երեխաների և ընտանիքի ու ընկերների փոքր խմբով` արարողությանը թույլ էին տվել ներկա գտնվել միայն 5 հյուրի և 2 վկայի, ինչպես նաև անվտանգության 2 աշխատակցի։
Ջուլիան Ասանժի և նրա երկու երեխաների մոր` Ստելլա Մորիսի հարսանեկան արարողությունը Բելմարշ բրիտանական բանտում
© AFP 2024 / JUSTIN TALLIS
Հիշեցնենք, որ Ասանժը2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում։ 2019-ին նա ձերբակալվեց։ Ամերիկյան իշխանությունն Ասանժին մեղադրում է պետդեպարտամենտի գաղտնի նյութերը հրապարակելու մեջ։ Նրան սպառում է մինչև 35 տարվա ազատազրկում և նույնիսկ մահապատիժ։ Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես մոտիվացված։
2021 թվականի դեկտեմբերին Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ–ի բողոքարկումը և թույլ է տվել արտահանձնել Ասանժին։