Ինչպես են ստուգելու` գազաբալոնը փորձաքննություն անցե՞լ է. Սանոսյանը մանրամասնեց

Գնել Սանոսյանը հայտնեց, որ արդեն 9 ընկերություն տարբեր մարզերից ստացել են լիցենզիաներ, որպեսզի փորձաքննություն անցկացնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Գազալցակայաններն էլեկտրոնային շտեմարանի միջոցով կստուգեն` լիցքավորման եկած մեքենայի գազաբալոնները փորձաքննություն անցե՞լ են, թե՞ ոչ։ ԱԺ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են գազալցակայանները ստուգում իրականացնելու։
Հայտնել էինք, որ պատահական վայրերում տեղադրված ու սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած գազաբալոններով ավտոմեքենաները օգոստոսի 1-ից գազալցակայաններում չեն լիցքավորվի: Հակառակ պարագայում գազալցակայանը կտուգանվի։
«էլեկտրոնային շտեմարան է ստեղծվում, և կայանը, որը պետք է ստուգի մեքենայի վրա տեղադրված գազաբալոնը, տվյալները մուտք կանի էլեկտրոնային շտեմարանի մեջ։ Իսկ երբ մեքենան մտնի որևէ լցակայան, տեղի աշխատողը մեքենայի տվյալները մուտք կանի համակարգ և կտեսնի` այն փորձաքննություն անցա՞ծ է, թե ոչ»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` այդ ոլորտում լրջագույն խնդիրներ կան, և բազմաթիվ դեպքեր են եղել, որ գազաբալոնների պայթյունների հետևանքով ցավալի դեպքեր են գրանցվել։
Ինչ վերաբերում է փորձաքննություն անցկացնող ընկերություններին, նախարարը հայտնեց, որ արդեն 9 ընկերություն տարբեր մարզերից ստացել են լիցենզիաներ, իսկ նախարարությունում էլ 3 ընկերության հայտ կա, որոնք քննարկում են։
Հիշեցնենք, որ խիստ մոտավոր տվյալներով Հայաստանում 300.000- 450.000 մեքենա շահագործվում է գազաբալոնով։ Վարորդները 5 ամիս ժամանակ ունեն գազաբալոնները ստուգելու համար։ Փորձարկումը գործնականում տևում է 45-50 րոպե։