ԵՐԵՎԱՆ, 23 մարտի –Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) «Էրեբունի» ավիաբազայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել Հայաստանի բարձրլեռնային տեղանքի պայմաններում: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Հետախուզական-հարվածային Կա-52 «Ալիգատոր» և դեսանտատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարել օդերևութաբանական բարդ պայմաններում, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել, կատարել են պայմանական վիրավոր զինծառայողների որոնում և տարհանում:
Ուսումնական առաջադրանքների կատարման առանձնահատկությունը եղել է ուղղաթիռի վայրէջքը մեկ անջատված շարժիչով, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության, քամու ուժեղ պոռթկումների ժամանակ, գիշերային պայմաններում՝ սարքերի օգնությամբ: Բացի այդ, անձնակազմերը թռիչքներ են իրականացրել «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։
Ուշադրություն են դարձրել նաև միավորման ցամաքային և ինժեներատեխնիկական կազմի աշխատանքին, որն ապահովում է ուղղաթիռների նախապատրաստումը և ուսումնավարժական թռիչքների կազմակերպումը:
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 100 զինծառայող, գործի է դրվել Հարավային ռազմական շրջանի շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա: