ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ–ում մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը կբարձրանան։ Տեղեկությունն ԱԺ–ում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը
Համաձայն այդ փոփոխությունների` նախարարությունը մշակելու է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները` դպրոցների համար արդեն գործող սկզբունքների հիման վրա։
Ներդրվում է նաև մանկապարտեզների տնօրենների և դաստիարակների վերապատրաստում։ Արդյունքում նրանք կանցնեն ատեստավորում և կստանան մասնագիտական կարգ (որից կախված կլինի նրանց աշխատավարձը):
Անդրեասյանը հիշեցրեց, որ մինչև 2023 թվականը պետությունը մտադիր է այնպես անել, որպեսզի նախադպրոցական կրթություն ստանան մինչև 6 տարեկան բոլոր երեխաները, ինչպես նաև լիցենզավորում սահմանի մանկապարտեզների համար (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր):
Ներկայում, նախարարության տվյալներով, հանրապետությունում մանկապարտեզների պահանջարկը գերազանցում է առաջարկը մոտ 10 հազար տեղով։
Նախադպրոցական կրթության չափորոշիչները, ինչպես նաև կարգի շնորհման ձևը կմշակվեն օրենքի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում: