ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Վրաստանի և Հայաստանի սահմանային հատվածում` Վրաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել։ Հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումները տեղի են ունեցել Գյումրիից 43 կմ հյուսիս՝ սահմանամերձ Բավրա գյուղի մոտ։ Նախնական տվյալներով՝ ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4,2 մագնիտուդ։
Լոռու մարզի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մարզի համայնքներում, այդ թվում՝ Վանաձոր քաղաքում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բավրայից 9 կմ արևելք, 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Ըստ ՀՀ ԱԻՆ–ի, երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:
Հայաստան–Վրաստան սահմանինч Բավրայի մոտ վերջին անգամ երկրաշարժ էր գրանցվել ս.թ.մարտի 10-ին։ Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 2.6 մագնիտուդ։