Երևանի տրանսպորտի սակագների բարձրացման հարց չի քննարկվում. փոխնախարար

Փոխնախարարը հայտնեց, որ Երևանի տրանսպորտային ցանցի ամբողջական թարմացման համար անհրաժեշտ է 850 տրանսպորտային միջոց։ Դրանցից 100-ը ձեռք կբերվեն այս տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի ներքաղաքային տրանսպորտի սակագինն առաջիկայում չի բարձրանա։ Այդ մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Սիմիդյանը։
«Սակագնի փոփոխություն այս պահին չի քննարկվում»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ քաղաքային տրանսպորտի ծառայության նոր բիզնես մոդելի ֆինանսական մասը ենթադրում է տրանսպորտային հավելյալ ծախսերը սուբսիդավորել քաղաքային բյուջեից` պահպանելով ներկայիս գործող սակագինը։
Տրանսպորտի բարեփոխումները տեսանելի կլինեն 2 ամսից. Երևանի քաղաքապետը թվարկեց խնդիրները
Սիմիդյանի խոսքով, առանց շահագործողի եկամտի` զուտ ինքնարժեքի հաշվարկով տրանսպորտային սակագինը հեղուկ գազով աշխատող տրանսպորտային միջոցների համար կազմում է 130 դրամ։
Փոխնախարարը հայտնեց, որ Երևանի տրանսպորտային ցանցի ամբողջական թարմացման համար անհրաժեշտ է 850 տրանսպորտային միջոց։ Առաջին փուլում քաղաքապետարանը ձեռք է բերելու դրանցից շուրջ 100-ը` այս տարվա ընթացքում։ Իսկ թե ինչ կարգով են շահագործվելու նոր ներկրվող ավտոբուսները, դեռ քննարկվում է նախարարության ու քաղաքապետարանի համատեղ ստեղծված աշխատանքային խմբում։
«Երևանի համայնքը հանդիսանալու է որպես օպերատոր, բայց նաև քննարկվում է մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորություն, որովհետև զուտ ֆինանսական առումով այս պահին մենք ունենք պահանջվող ավտոբուսների մոտ 50 տոկոսը»,– ասաց Սիմիդյանը։
Հիշեցնենք՝ նախկինում ընդունված որոշմամբ նախատեսվում էր 2022թ-ի հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։
2021թ–ի նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց` բարեփոխումների ժամկետը հետաձգելով ևս 3 տարով` մինչև 2025թ–ը։
Ըստ կառավարության հիշյալ որոշմանը կից տեղեկանքի, Երևանում այսօր շահագործվում է 249 հատ 2011թ-ի արտադրության «Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թթ-ի «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009թթ-ի «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև` մոտ 750 հատ 10 և ավելի տարիքի միկրոավտոբուսներ։