Բելառուսը կրճատում է Ուկրաինայի դիվանագետներին և փակում հյուպատոսությունը Բրեստում

Ուկրաինայի դեսպանատունը Բելառուսում
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Բելառուսը 2020 թվականից Ուկրաինայի կողմից ոչ բարեկամական գործողություններ է արձանագրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Բելառուսը կրճատում է Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունն իր երկրում ու փակում հյուպատոսությունը Բրեստում: Sputnik Բելառուսի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը։
Նրա խոսքով՝ Բելառուսը 2020 թվականից Ուկրաինայի կողմից ոչ բարեկամական գործողություններ է արձանագրում։
«Հասել է նրան, որ ուկրաինական իշխանությունը սկսել է ուղղակիորեն և անուղղակիորեն միջամտել մեր ներքին գործերին, դեռ 2021 թվականին պաշտոնական բարձր մակարդակով Բելառուսին թշնամական երկիր են անվանել», - ասել է նա:
Գլազը նշել է, որ Մինսկը երբեք ոչ բարեկամական քայլեր չի ձեռնարկել Ուկրաինայի նկատմամբ։
«Այս ֆոնին մեզ հայտնի է դարձել նաև Բելառուսում Ուկրաինայի դեսպանության և գլխավոր հյուպատոսության մի շարք աշխատակիցների գործողությունների մասին, որոնք անհամատեղելի են դիվանագիտական կարգավիճակի հետ, այդ գործունեության ակտիվությունն աճել է», - ասել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, Անատոլի Գլազն ընդգծել է, որ Ուկրաինայի ժողովուրդը եղել և մնում է բելառուսների համար բարեկամ ժողովուրդ, իսկ Ուկրաինան` հարևան երկիր:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի ՊԱԿ-ը հայտարարել էր դիվանագիտական քողի տակ գործող Ուկրաինայի ռեզիդենտուրայի վերացման մասին: