Բելառուսն «արդեն ներգրավված է» Ուկրաինայի հակամարտության մեջ. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար

Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ–ի արտահերթ գագաթնաժողովը կանցկացվի մարտի 24-ին Բրյուսելում։ Գագաթնաժողովի մասնակիցներին կդիմի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսն «արդեն ներգրավված է» Ուկրաինայի հակամարտության մեջ։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ–ի արտահերթ գագաթնաժողովը կանցկացվի մարտի 24-ին Բրյուսելում` ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի մասնակցությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցներին կդիմի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Բելառուսը շարունակում է աջակցել Ուկրաինայի վրա հարձակմանը, ռազմական ենթակառուցվածք, օդային տարածք է տրամադրում։ Այն արդեն իսկ ներգրավված է հակամարտությանը»,–ասել է Ստոլտենբերգը` կոչ անելով Բելառուսի իշխանություններին «դադարեցնել այդ աջակցությունը»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։