ԵՐԵՎԱՆ, 23 մարտի– Sputnik. Չեռնոգորիայի և Նորվեգիայի հավաքականները, որոնց հետ առաջիկայում ընկերական հանդիպում կունենա Հայաստանի ազգային հավաքականը, իրենց խաղաոճով շատ նման են այն թիմերին, որոնց հետ պետք է մրցենք Ազգերի լիգայում՝ հունիսին։
Այս մասին այսօր` Հայաստան- Չեռնոգորիա ընկերական խաղից առաջ կայացած ասուլիսին ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
«Մենք պետք է փորձարկենք նոր ֆուտբոլիստների ու հասկանանք, թե ինչի ենք ունակ։ Անկեղծ ասած` հիմա տաղանդավոր ֆուտբոլիստների որոշակի կարիք ունենք։ Երիտասարդ ֆուտբոլիստների հրավիրելով` մենք նաև զգոնացնում ենք փորձառու խաղացողներին` ստեղծելով յուրահատուկ մրցակցություն»,–ասաց մարզիչը։
Խոակին Կապառոսը կրկին խոսեց հավաքականի արդեն նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին`նշելով, որ իր համար հաճույք է եղել աշխատել նրա հետ ու մարզել նրա պես ֆուտբոլիստի։
«Նա հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է։ Բայց հավաքականից հեռանալը նրա անձնական որոշումն է եղել, և պետք է ընդունենք դա։ Իսպանիայում էլ ես ականատես եմ եղել, թե ինչպես աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստները՝ Չավին, Ինյեստան, Պույոլը հայտարարել են հավաքականում ելույթների ավարտի մասին։ Եկավ մի պահ, երբ հայտարարեցին իրենց հեռանալու մասին»,–ասաց նա։
Խոսելով Մխիթարյանի բացակայության պայմաններում թիմի խաղը կառուցելու մասին` Կապառոսն ասաց, որ առանց Հենրիխի մենք պետք է զարգացնենք մեր թիմի խաղը, զարգացնենք նաև առանձին ֆուտբոլիստների, խաղային օղակների համագործակցության խաղային մակարդակը։ «Ես շատ գոհ եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստների ենք հրավիրում ազգային հավաքական, և սա է կյանքը։ Մեր խնդիրն է այնպես նպաստել այդ ֆուտբոլիստների զարգացմանը, որ ապագայում նրանք կարողանան միջազգային չափորոշիչներին համապատասխան խաղ ցուցադրել»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականին իր առաջին խաղն անցկացնելու է մարտի 24-ին։ Մեր թիմը ընկերական խաղում մրցելու է Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին կհյուրընկալվի Նորվեգիայի հավաքականին։