Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել

Դանիելյանը շնորհակալություն է հայտնել արաբկիրցիներին, իր գործընկերներին, աշխատակազմին, Երևանի ավագանու անդամներին ու քաղաքական թիմին` բարձր վստահության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի– Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում կատարած գրառմամբ։
«Հարգելի՛ արաբկիրցիներ, դադարեցնում եմ աշխատանքս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Գրեթե երեքուկես տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ Երևան համայնքի և երևանցու»,– գրել է նա։
Հրաժարականի պատճառների մասին Դանիելյանը չի հայտնել։
Նա շնորհակալություն է հայտնել արաբկիրցիներին, իր գործընկերներին, աշխատակազմին, Երևանի ավագանու անդամներին ու քաղաքական թիմին` բարձր վստահության համար։
Արամ Դանիելյանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018թ. հոկտեմբերի 27-ին, վերանշանակվել` 2022թ. հունվարի 24-ին։ Անկուսակցական է: