ԱՄՆ-ն Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կներկայացնի

Նոր պատժամիջոցները կանդրադառնան քաղաքական գործիչներին ու գործարարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի -Sputnik. ԱՄՆ-ն վաղը` մարտի 24–ին, կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որում նրանք կներառեն ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ տարբեր կառույցների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Մենք պատժամիջոցների փաթեթի մասին կհայտնենք վաղը, որոնք վերաբերում են ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ օլիգարխներին», — ասել է նա լրագրողներին:
Սալիվանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղեկցում է Եվրոպա իր ուղևորության ընթացքում՝ ԵՄ ղեկավարության և «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ Ուկրաինայի իրադարձությունները քննարկելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։