ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Կառավարության նախատեսած 7 տոկոս տնտեսական աճին հասնելը նոր իրավիճակում դժվարացել է, սակայն անհնարին չի դարձել։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս տարվա տնտեսական աճի թիրախ ՀՀ կառավարությունը սահմանել է 7 տոկոս։ Այս պահին մեր աշխատանքը ձևավորում ենք հենց այդ թիրախի շուրջ` անկախ այն հանգամանքից, որ թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե ԿԲ–ն ու «Ֆիթչը» նվազեցրել են իրենց կանխատեսումները։ Դեռևս բավական պոտենցիալ տեսնում ենք տնտեսական քաղաքականության իրացման արդյունքում հասնելու այն թիրախին, որը կառավարությունն է իր առջև դրել»,–ասաց Քերոբյանը։
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա էկոնոմիկայի նախարարը նշեց, որ հաջորդ շաբաթ կառավարությանը կներկայացնեն կառավարության միջոցառումների ծրագրով հաստատված կարևոր նախաձեռնություն, որը մեծ ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա։ Այն գույք և ենթակառուցվածքներ ներդրումների համար մի ծրագիր է, որի ներքո ներդրումներ անողները, ըստ Քերոբյանի, լավ մոտիվացիաներ կունենան։
Նախարարը նշեց նաև, որ հանրային ծառայությունների` գազի, լույս, ջրի սակագների աճը ենթադրում է մեկ տոկոս գնաճ, սակայն տնտեսական աճի վրա չնչին ազդեցություն կունենա։