ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Ռուսաստանցի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը մտադիր է իր կազմակերպությունը ստեղծել որպես Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) այլընտրանք։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես այս իրադարձություններից հետո հաստատ որոշում եմ կայացրել, որ առավելագույնս կաշխատեմ իմ ընկերների, գործընկերների, համախոհների հետ ստեղծել նոր կազմակերպություն՝ որպես FIDE-ի այլընտրանք։ Քանի որ այն, ինչ նրանք արել են ... նույնիսկ եթե հետո ներողություն խնդրեն, նույնիսկ եթե ինձ հետ վերցնեն հավակնորդների մրցաշար, ես կստեղծեմ իմ կազմակերպությունը: Հուսով եմ, որ ինձ կլսեն, որ ինձ կաջակցեն», - ասել է գրոսմայստերը Sputnik ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ ծրագրում են անցկացնել նոր կազմակերպության վարկածով մրցաշարեր ու աշխարհի առաջնություն:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Սերգեյ Կարյակինը FIDE–ի էթիկայի հանձնաժողովի կողմից կես տարով որակազրկվել էր Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանն աջակցելու պատճառով: Ռուս շախմատիստի նկատմամբ պատժամիջոցները նրան զրկում են 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մադրիդում կայանալիք հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: