ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության ընթացքում արդեն ավելի քան 1,5 հազար ուկրաինական տանկ, ավելի քան հարյուր հիսուն համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանքներ է ոչնչացրել: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ հատուկ գործողության մեկնարկից մինչև հիմա ոչնչացվել են 236 ԱԹՍ, 185 ԶՀՀ, 1547 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 154 ՀԿՌՀ, դաշտային հրետանու 612 զենք ու ականանետ, ինչպես նաեւ 1343 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Կոնաշենկովն ավելացրել է, որ Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի ևս 83 ռազմական օբյեկտ:
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցվել են 4 հրամանատարական կետ, 4 զենիթահրթիռային համալիր, 3 հրթիռահրետանային զինամթերքի պահեստ, ինչպես նաև մարտական տեխնիկայի կուտակման 68 վայր:
Ռուս գեներալը նշել է, որ ՌԴ ԶՈւ-ն օրվա ընթացքում խոցել է ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 1 «Բայրաքթար ՏԲ-2»:
Կոնաշենկովն ավելացրել է, որ ընդհանուր առմամբ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայի 236 անօդաչու թռչող սարք: