ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում մարտի 21-ին օդանավի կործանման կապակցությամբ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ»,–նշել է վարչապետը:
Նա ցավակցել է զոհերի ընտանիքներին և հարազատներին, ցանկանալով տոկունություն և համբերություն:
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը երեկ վթարի է ենթարկվել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում։ Քաղավիացիայի վարչությունը հաստատել է Boeing 737–ի կործանման տեղեկությունը, օդանավում 132 մարդ է եղել` 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։
Փրկարարները դեռ չեն հայտնաբերել կենդանի մնացած կամ զոհված ուղևորներին և անձնակազմի անդամներին։