Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

«Զվարթնոց» օդանավակայան
Ինքնաթիռի սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ են իրականացրել սակրավորներն ու կինոլոգիական խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մոսկվայից Երևան ժամանած ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 17։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել ժամը 18:20-ին, ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն, մինչ կինոլոգիական խումբն ու սակրավորներն իրականացրել են ինքնաթիռի սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք` ռումբի ահազանգի մասին հայտնել էր ՏԱՍՍ գործակալությունը, որը, սակայն, նշել էր, որ ինքնաթիռը Երևան է մեկնել «Շերեմետևո» օդանավակայանից։