ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ գործիքը հանդիսանալ Covid-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու մեր կառավարության հանձնառության մաս»,- ասել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
Մեծ Բրիտանիան 25 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» է նվիրել Հայաստանին
© Photo : ՀՀ առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար` ընդգծելով համավարակի դեմ պայքարին զուգահեռ առողջապահական այլ ոլորտներում գործակցելու կարևորությունը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Հայաստանի Հանրապետության առողջապահական գերատեսչության հետ համատեղ աշխատանքները:
Հիշեցնենք` մարտի 21-ին Պորտուգալիան Հայաստանին 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ էր նվիրաբերել։