Մակրոնը կրկին զանգել է Պուտինին. ի՞նչ են խոսել

Կրեմլի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ շփումը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։