ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները վերահսկողության տակ են վերցրել ևս 4 բնակավայր։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Լուգանսկի Հանրապետության ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Կալինովո Պոպասնոյե, Նովոալեքսանդրովկա, Ստեպնոյե, Բոգուսլավսկոյե բնակավայրերի նկատմամբ և շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի 30 առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները։ Ոչնչացվել է ավելի քան 40 մարդ և բարձր անցողունակությամբ 5 ավտոմեքենա», – ասել է նա։
Գեներալի խոսքով` ԴԺՀ ուժերը 4 կմ խորությամբ ճեղքել են օդադեսանտային 25-րդ բրիգադի պաշտպանությունը և Կամենկան, Նովոսյոլովկա Վտորոյան և Վերխնետորեցկոյեն վերցնելու մարտեր են մղում։
Ռուսական ստորաբաժանումները 6 կմ առաջ են անցել և իրենց տիրապետության տակ առել Ուրաժայնոյեն` մարտնչելով ուկրաինական բանակի 128-րդ լեռնագրոհային առանձին բրիգադի ստորաբաժանումների դեմ։ Գիշերվա ընթացքում մինչև 5 կմ մոտեցել են Կուրախովոյին, ոչնչացվել են ուկրաինական զորքերի մեքենայացված 53-րդ բրիգադի վաշտը և գրոհային գումարտակի 54-րդ առանձին մեքենայացված ստորաբաժանումները։
Ռուսական ՀՕՊ միջոցներով օդում խոցվել է ուկրաինական 14 ԱԹՍ, այդ թվում` մեկ «Բայրաքթար ՏԲ-2»։
Ռուսական ավիացիան մեկ օրվա ընթացքում հարված է հասցրել Ուկրաինայի 137 ռազմական օբյեկտի, Կա-52 և Մի-28Հ ուղղաթիռների խումբը գիշերային հարվածների ընթացքում վերացրել է ուկրաինական 9 տանկ, 7 զրահամեքենա։
Ռազմական գործողությունների սկզբից ոչնչացվել է ուկրաինական 230 ԱԹՍ, 181 ԶՀՀ, 1528 տանկ և այլ զրահամեքենա, 154 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 602 սարքավորում և ականանետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։