Ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը ՌԴ-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ բանաձևերին. «Փաստ»

Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը
Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել 2 բանաձև, որոնք վերաբերել են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ինդոնեզիայում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել 2 բանաձև, որոնք վերաբերել են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը:
Դրանցից մեկը, որն ունեցել է ընդգծված հակառուսական բնույթ և առավել կոշտ գնահատականներ, ներկայացրել է Նոր Զելանդիայի պատվիրակությունը, մյուսը՝ առավել հավասարակշռվածը` Ինդոնեզիայի պատվիրակությունը: Փաստաթուղթ է շրջանառել նաև Ուկրաինան, սակայն վերջին պահին հրաժարվել է դրանից՝ կոչ անելով քվեարկել նորզելանդական տարբերակի օգտին:
«Ի վերջո, «հաղթել» է Նոր Զելանդիայի ներկայացրած նախագիծը: Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել այդ տարբերակին և կողմ է քվեարկել ավելի հավասարակշռված տարբերակին, այսինքն՝ Ինդոնեզիայի ներկայացրածին»,–գրում է թերթը։
Ի դեպ, գրեթե հայկական պատվիրակության նման են քվեարկել նաև հետևյալ երկրները՝ Իրան, Ղազախստան, Ինդոնեզիա, Նիգերիա, Պարագվայ, Կատար, Սիրիա, ԱՄԷ, Տանզանիա, Վիետնամ, Եմեն, Զիմբաբվե, Ալժիր, Բահրեյն, Բելառուս, ՀԱՀ, Չինաստան, Հորդանան:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել էր, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։