ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Շուրջ 4 հազար տրանսպորտային միջոց, որոնց թվում են նաև հայկականները, մնացել են ռուսական կողմից դեպի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Մարտի 18-ից, ձյան և մերկասառույցի պատճառով, Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Վատ եղանակային պայմաններից ելնելով 3.5 հազար բեռնատար և մոտ 150 մարդատար մեքենա գտնվում է Լարսի մատույցներում, Վլադիկավկազի արվարձանում, Բեսլանի, Ուրուխի, Օսեթիայի, Կաբարդինո–Բալկարիայի տարածքներում։ Սրանց 15-20 տոկոսը հայկական տրանսպորտային միջոցներ են»,– նշեց Թանանյանը։
Նրա խոսքով` մոտ 100 կմ երկարությամբ հերթ է գոյացել, միայն 10 կմ հատվածում շուրջ 1000 բեռնատար է կանգնած։ Պաճառը Վրաստանի տարածքում վատ եղանակային պայմաններն են։ Նա ընդգծեց, որ գիշերը որոշ ժամանակով թեթև մարդատարների համար ճանապարհը բացվել է, բայց ժամը 05։00-ից կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թանանյանը նշեց, որ թեթև մարդատարներն են իրավիճակը բարդացնում, որոնց մաքսայիններն առանց հերթի են սպասարկում։ Հարցն այն է, որ ի տարբերություն բեռնատարների, թեթև մարդատարների վարորդները տրանսպորտային միջոցներում հանգստի հնարավորություն չունեն։
Մաքսային կցորդը կարծում է, որ վարորդների համար իրավիճակը կթեթևացնի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում 2 նոր խոշոր ճանապարհային ծրագրերի շինարարությունը։