Հատուկ գործողության նպատակն Ուկրաինայի օկուպացիան չէ. Պեսկով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի օկուպացիան չէ։ CNN-ի եթերում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ ԶՈւ–ն ավելի քան 1,5 հազար ուկրաինական տանկ է ոչնչացրել. ՊՆ
Ռուսաստանի ղեկավարի խոսնակն ընդգծել է, որ ռուս զինվորականներին արգելված է թիրախավորել խաղաղ բնակիչներին։
Խոսելով հատուկ գործողության մասին՝ Պեսկովը նշել է, որ կան ուկրաինացիներ, որոնք ռուս զինվորականների կողմից են։
«Կան ուկրաինացիներ, որոնք համագործակցում են մեր զինվորականների հետ: Կան ուկրաինացիներ, որոնք ցանկանում են խուսափել ցանկացած զոհից»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչև վերջին վայրկյանը չէր ուզում հավատալ, որ ոչ ոք չի լսի իր մտահոգությունների մասին։ Մոսկվան հույս ուներ, որ Կիևը չի նախապատրաստվի Դոնբասին հարվածներ հասցնել, որ արդյունքում բեկում կլինի Նորմանդական ձևաչափում։ Սակայն Ռուսաստանի համար պարզից էլ պարզ դարձավ, որ Ուկրաինան հարձակվելու է Դոնբասի վրա։
Մեկնաբանելով միջուկային զենքի կիրառման հարցը՝ նա ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դա կարող է անել միայն երկրի գոյության իրական սպառնալիքի դեպքում։
«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն բաց է, կարող եք կարդալ բոլոր պատճառները, որոնց համար հնարավոր է միջուկային զենք կիրառել։ Այսինքն՝ եթե երկրի գոյությանը վտանգ սպառնա, այն կարող է կիրառվել մեր հայեցակարգին համապատասխան։ Տեքստում հիշատակված այլ պատճառներ չկան»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։