Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ–ին հակահարված է խոստացել չինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը
Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Վաշինգտոնին կոչել է աշխարհում մարդու իրավունքների ամենախոշոր խախտող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Չինաստանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ–ի դեմ հայելային հակամիջոցներ ընդունել չինացի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների համար։
Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնին համարում է մարդու իրավունքների ամենախոշոր խախտողն աշխարհում։
«Մենք վճռական բողոք ենք հայտնում այդ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք կոպտորեն խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը։ Աշխարհում մարդու իրավունքների ամենախոշոր խախտողը ԱՄՆ-ն է։ Եթե չինական պաշտոնատար անձանց դեմ այդ պատժամիջոցները չչեղարկվեն, մենք հայելային պատասխան կտանք»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ–ն վիզային սահմանափակումներ է մտցրել Չինաստանի այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնց պատասխանատու են համարում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների համար։