Արցախի կարգավիճակի հարցը լուծել է պետք. ՀՀ խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը

Չնայած ՀՀ ԱԺ–ում ընդդիմության կողմից ներկայացված «Արցախի Հանրապետության և ՀՀ նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» հայտարարության նախագիծը չնդունվեց, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոր հայտարարություն են տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, հայտարարում է, որ սատարում է Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին, հայտնում է «Հայաստան» դաշինքը։
Նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար։
«Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ ՌԴ խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ։
Բացի այդ, նշվում է, որ անկախ Ադրբեջանի քմահաճույքից` պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա` օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը։ Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։
Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անումբարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի` ամենաթողության վերածվող անպատժելիությունը:
Բացի այդ, ընդդիմությունը կոչ է անում ձեռնարկել գործուն միջոցներ` նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը:
Նշենք, որ այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային Ժողովի օրակարգ էին մտցրել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ»` Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց: