Անասնագլխաքանակի նվազումը վերջին երեք տարիներին կրում է շարունակական բնույթ, ինչը հիմնականում պայմանավորված է կերի բազայի թերզարգացածությամբ։ Բացի դրանից, արձանագրվել են նաև կաթի արտադրության հետ կապված լուրջ խնդիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։
«Կաթի մթերման գներն, ըստ գյուղացիների, բավականին ցածր էին, ինքնարժեքին շատ մոտ` կազմելով 122 դրամ, բացառությամբ տարվա առանձին ամիսների, երբ մթերման գինը հասնում էր մինչև 150 դրամի։ Այդուհանդերձ, դա գյուղացիների շահութաբերության վրա էականորեն չէր ազդում, հետևաբար անասնապահությունն էլ շատերի համար ձեռնտու չէ»,– ասաց պրոֆեսորը։
Հովհաննիսյանի խոսքով` վերջին տարում անասունների գլխաքանակի նվազումը պայմանավորված է նաև երաշտով, քանզի գյուղացիներն իրենց անասուններին պահեցին կերի համամասնությամբ` մնացած գլխաքանակը ենթարկելով սպանդի կամ իրացման։
Բացի դրանից, 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում Արցախի շրջաններից ՀՀ էր բերվել մի քանի տասնյակ հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այնուհետև դրա մի մասը մորթվել էր, քանի որ արոտավայրերի պակաս կար։ Արցախի շնորհիվ բարելավվում էր նաև կերերի բազան։
«Անկախ ամեն ինչից, մենք երբեք տավարի մսի առումով ինքնաբավություն չենք ունեցել։ Ամեն տարի ներկրում ենք մոտ 7,5-8 հազար տոննա տավարի միս, իսկ առանձին տարիներին նույնիսկ ավելին ենք ներկրել։ Այս պահին ունենք ավելի քան մեկ միլիոն հեկտար արոտավայր և ավելի քան հարյուր հազար հեկտար խոտհարք։ Եթե հաշվի առնենք մեր ներկա բնատնտեսական ռեսուրսները, ապա հնարավոր է անասունների գլխաքանակը հասցնել մինչև 900 հազարի, բայց դրան զուգահեռ, անհրաժեշտ է նաև պետական լուրջ աջակցություն, առանց որի չենք կարողանա նման աճ ապահովել»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ`գյուղացիներին պետք է հատկացնել որոշակի գումար, ֆինանսական խրախուսում, մնացածն իրենք կանեն, այսինքն` կարելի է անասուն ձեռք բերելու համար հատկացնել անտոկոս վարկ կամ գլխաքանակ ավելացնելու համար տալ կոնկրետ գումար։
Անդրադառնալով նաև խոզերի գլխաքանակի նվազման իրողությանը` Հովհաննիսյանն ընդգծեց, որ թեև խոզաբուծությունը համարվում է անասնապահության ինտենսիվ ճյուղ, և այդ կենդանատեսակի բուծումը հարմարեցված է արդյունաբերական տեխնոլոգիաներին, բայցևայնպես, վերջին տարիներին այն նույնպես տուժեց և լավագույն ժամանակահատվածի (1990–ական թթ.) համեմատ` խոզերի գլխաքանակը երկու անգամ կրճատվել է։
«Թեև հիմա էլ որոշ համալիրներ գործում են, բայց քանի որ խոզաբուծությունն իրականացվում է հիմնականում ձեռքբերովի խտացված կերերի հաշվին, հետևաբար դրանց չափաքանակների կրճատման պատճառով զգալի վնասն արդեն շոշափելի է։ Այս ճյուղում նույնպես մոտակա տարիներին դժվար թե ունենանք խոզերի ընդհանուր գլխաքանակի կտրուկ աճ, եթե պետական լուրջ աջակցություն չցուցաբերվի»,– ասաց գյուղատնտեսության պրոֆեսորը։
Խոզերի համակցված կերերի հումքը շատ մեծ քանակներով նույնպես ներկրվում էր Արցախից, որոնցում տեսակարար մեծ կշիռ էր կազմում եգիպտացորենը, բայց այդ խողովակը, ցավոք, կտրվել է, և դա բացասական հետևանքներ ունեցավ գլխաքանակի պահպանման առումով, ուստի անասունների համակցված կերերի բազայի ամբողջական վերականգնումը դարձել է կենսական խնդիր։
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2021 թվականի արդյունքներով նվազել է 8,8 տոկոսով և այժմ հանրապետությունում շուրջ 560 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա։
Երկրորդ տարին անընդմեջ հանրապետությունում կրճատվում է խոզերի գլխաքանակը. 2020 թվականին` 17%–ով, 2021-ին` մոտ 12% (այժմ կազմում է շուրջ 165 հազար գլուխ)։
Եթե համեմատենք 2020 թվականը նախաճգնաժամային 2019 թվականի հետ, ապա տավարի մսով Հայաստանի ինքնապահովումը մնացել է նույն մակարդակում (90%-ից իջել է մոտ 87%), իսկ խոզի մսի դեպքում 55%–ից նվազել է մինչև 45%։