Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել. Դավիթ Մկրտչյան

Ուկրաինա, արխիվային լուսանկար
Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահը նշեց, որ սահմանապահ մարմիններին խնդրել են տվյալներ տրամադրել, թե «յան» ազգանունով քանի մարդ է հատել սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել` 5 զինվորական և 10 խաղաղ բնակիչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
«Ուկրաինայի հայ համայնքի վիճակն ընդհանուր առմամբ վատ չէ։ Արևմտյան Ուկրաինայի հայերի համար իրավիճակը ծանր է, սակայն ավելի խաղաղ պայմաններում են, իսկ մնացած մասերում գտնվողների վիճակն այնպիսին է, ինչ մյուսներինը։ Սննդամթերքի խնդիր կա, օրինակ, Սումիում, Չեռնիկովում, Խերսոնում»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` Խարկովում և Մարիուպոլում նույնպես վիճակը վատ է, քանի որ ամեն ինչ փակ է` դեղատներ, խանութներ, իսկ առաջին անհրաժեշտության մթերքը չեն կարողանում տեղ հասցնել։
Մկրտչյանը նշեց, որ տեղեկություն չկա` քանի հայ է լքել Ուկրաինան։ Սահմանապահ մարմիններին խնդրել են տվյալներ տրամադրել, թե «յան» ազգանունով քանի մարդ է հատել սահմանը, պատասխանել են, որ հոսքը մեծ է, տարանջատելու հնարավորություն չունեն։
«Ես ինքս Կիևի մերձակայքում եմ։ Կիևը 50 000–անոց հայ համայնք է համարվում, բայց հիմա, իմ կարծիքով, դրա կեսից էլ քիչ հայ է մնացել»,–ասաց Մկրտչյանը։
Նա հավելեց, որ ՀՀ քաղաքացիները հանգիստ լքում են Ուկրաինան` հայտնվելով ԵՄ գոտում, որպեսզի այնտեղից Հայաստան վերադառնան։ Իսկ ազգությամբ հայ, բայց Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ծերերը, կանայք և երեխաները նույնպես անարգել հասնում են ԵՄ գոտի, որպեսզի այլ երկիր տեղափոխվեն։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք հիմնականում Արևմտյան Ուկրաինայում են գտնվում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։