Ուկրաինայում զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Կարապետյանը

Մոմեր
26-ամյա Արմեն Կարապետյանը ծառայում էր Ուկրաինայի զինված ուժերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինայում հատուկ գործողությունների հետևանքով ևս մեկ հայ է զոհվել` Նիկոպոլում ծնված կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնում է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը։
«Նա մարտական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքներից մահացել է Մեչնիկովի անվան մարզային հիվանդանոցում», – նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հայտնել էր, որ Ուկրաինայի դեպքերի հետևանքով 15 հայ է զոհվել։ Նրանցից 10-ը խաղաղ բնակիչներ են, 5-ը` զինվորականներ։ Մինչ պատերազմը Ուկրաինայում 350 հազար հայ էր բնակվում, նրանցից 50 հազարը` Կիևում։ Մկրտչյանը չգիտի, թե քանի հայ է լքել Ուկրաինան, բայց ենթադրում է, որ հիմա կեսից էլ քիչ հայ է մնացել։