ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինայի խոշոր քաղաքներում ավելի քան 4,5 միլիոն խաղաղ քաղաքացի պատանդ է պահվում նեոնացիստների կողմից՝ որպես «կենդանի վահան», այդ թվում՝ 6825 օտարերկրյա քաղաքացի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեևը։
«Չնայած ամեն օր բացվող մարդասիրական միջանցքներին՝ ուկրաինացի նեոնացիստները շարունակում են «կենդանի վահանի» կարգավիճակով պատանդ պահել ավելի քան 4,5 միլիոն խաղաղ քաղաքացու՝ Կիևում, Խարկովում, Չերնիգովում, Սումախում և ավելի քան երկու տասնյակ այլ խոշոր բնակավայրերում, ինչպես նաև 23 օտարերկրյա պետությունների 6825 քաղաքացու, որոնք ճակատագրի բերումով այս բարդ ժամանակաշրջանում հայտնվել են Ուկրաինայի տարածքում»,- ասել է նա:
Գեներալը նշել է նաև, որ ուկրաինական կողմը մերժում է Մարիուպոլում զենքը վայր դնելու Ռուսաստանի առաջարկը, զինյալները սկսել են քաղաքացիական հագուստ հագնել և մարդասիրական միջանցքներով լքել քաղաքը:
«Ընդ որում, հումանիտար գործողություն անցկացնելուց հրաժարվելու մասին Կիևի պաշտոնական հայտարարության, իսկ զինյալներին՝ զենքը վայր դնելու կոչի ֆոնին նրանք երեսպաշտորեն ազգայնական գումարտակներին հրահանգել են լքել քաղաքը ոչ մեծ խմբերով՝ խաղաղ բնակիչների անվան տակ, քաղաքացիական հագուստով, օգտագործելով ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ մարդասիրական միջանցքներով: Եվ հանցագործներն անմիջապես սկսել են կատարել այդ հրամանը»,-ասել է Միզինցևը։
Նա հիշեցրել է, որ դեռևս մարտի 20-ին Ռուսաստանը հերթական անգամ դիմել էր Կիևի իշխանություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին՝ Մարիուպոլի բնակիչներին և օտարերկրյա քաղաքացիներին ծանրագույն հումանիտար աղետի պայմաններում փրկելու լայնածավալ մարդասիրական գործողության աննախադեպ նախաձեռնություններ ներկայացնելով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։