Սումիում ուկրաինացի ազգայնականների սադրանքի հետևանքով ամոնիակի արտահոսք է եղել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Կիևի ազգայնական ռեժիմն ուղղակիորեն պատասխանատու է թունավոր նյութերի արտահոսքի հետ կապված ցանկացած հնարավոր միջադեպի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները Սումի քաղաքում գիշերը սադրանք են իրականացրել, որի հետևանքով «Սումիխիմպրոմ» գործարանում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Սումի քաղաքում գիշերն իրականացվել է ուկրաինացի ազգայնականների կողմից ծրագրված սադրանք, ինչի մասին մի քանի օր առաջ պաշտոնապես նախազգուշացրել է ՌԴ ՊՆ-ն։ Սումիի բնակիչներին վտանգ չի սպառնում, քանի որ օդային զանգվածները «քաղաքի ուղղությամբ չէին շարժվում»»,-ասել է նա։
Կոնաշենկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերը չեն պլանավորել և չեն պատրաստվում հարվածել ուկրաինական թունավոր նյութերի պահեստավորման կամ արտադրության օբյեկտներին։
Խերսոնի կենսալաբորատորիայում արագ կարգով փաստաթղթեր են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Նա հիշեցրել է, որ դեռ մարտի 19-ին ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես նախազգուշացրել էր ուկրաինացի ազգայնականների կողմից այդ ձեռնարկության ականապատման մասին, որի նպատակն է ՌԴ–ին մեղադրել քիմիական զենք կիրառելու մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։