Շինուհայրից մինչև Կապան հարյուրավոր մեքենաներ են կանգնած. երթևեկությունը կաթվածահար է

Ձյունամաքրիչ մեքենաները ճանապարհին կանոնավոր աշխատանք չեն իրականացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի հարավային շրջանները՝ Մեղրին, Քաջարանը, Կապանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը Գորիս- Երևան (Մ-2) մայրուղուն միացնող ճանապարհը կաթվածահար վիճակում են, գրում է syuniacyerkir.am–ը։
Նշվում է, որ Շինուհայրի խաչմերուկից մինչև Կապան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մեքենաներ են կանգնած, մի մասը՝ ձյան մեջ արգելափակված:
«Երեք օր շարունակ ձյան շրջափակման մեջ են հայտնվել Իրանից Հայաստան եկող տասնյակ ավտոբուսներ, որոնց մեջ, բնականաբար, նաև երեխաներ են ու կանայք: Շրջափակման մեջ են ծանրաքաշ բեռնատարներ, նաև՝ կցորդով, որոնց թափքում Հայաստանում գնված և Պարսկաստան տեղափոխվող խոշոր եղջերավոր անասուններ են. այդպես՝ երեք օր շարունակ...»,–գրում է կայքը։
Բեռնատարների առանձնապես մեծ կուտակումներ կան Կապան քաղաքի մուտքի մոտ, Սատանի կամրջի վրա, Շինուհայրի խաչմերուկում և բազմաթիվ այլ վայրերում:
Կայքի տեղեկություններով` ճանապարհին ձյունամաքրիչ մեքենաները կանոնավոր աշխատանք չեն իրականացնում:
«Միակ տեղը, որ նման աշխատանքի ականատես եղանք՝ Սատանի կամրջից մինչև Տաթև ընկած ոլորաններն էին: Իսկ Վերին Խոտանան-Տաթև հատվածում գոնե մեկ ձյունամաքրիչ մեքենա չէր աշխատում (ժամը 13-ի դրությամբ): Երկու անսարք ձյունամաքրիչ գտնվում էին Տանձավերի մերձակայքում՝ օգնություն աղերսող»,–գրում է կայքը:
Նշենք, որ ձյան պատճառով Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է։ Բացի այդ, փակ են նաև Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Այս շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մետր է: