Ռուսաստան–Արևմուտք առճակատումից Ռուսաստանը դուրս է գալու ավելի ուժեղացած. Հարությունյան

Խոսրով Հարությունյան. Արխիվային լուսանկար
ՀՀ նախկին վարչապետը կարևորեց, որ աշխարհաքաղաքական նոր իրադարձությունների ֆոնին թե՛ Հայաստանի ու թե՛ Ռուսաստանի քաղաքական ղեկավարները վերաիմաստավորեն երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսաստան–Արևմուտք առճակատման ավարտն էական նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի հետագա զարգացումների համար։ Այսօր ԱԺ–ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստան–Արևմուտք առճակատումից Ռուսաստանը դուրս է գալու ավելի ուժեղացած, ավելի միասնական ու աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ ձևավորելու ավելի լուրջ կարողություններով։ Հետևաբար, այս կոնտեքստում, ես կարծում եմ` այն թեզը, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, առավել ևս նոր բովանդակություն և իմաստ է ստանալու»,– ասաց նա։
Հարությունյանը նշեց, որ, որքան էլ դա ցավալի լինի, հարկ է խոստովանել, որ Հայաստանն այլևս տարածաշրջանում լուրջ դերակատարություն չունի` ի տարբերություն Ադրբեջանի, որի հետ հաշվի են նստելու։ Ուստի, այս իրողության ֆոնին, նրա համոզմամբ, ՀՀ–ՌԴ դաշնակցային հարաբերություններն ավելի են կարևորվում։
«Հարավային ուղղությամբ Ռուսաստանն ունի մեկ բնական դաշնակից, դա Հայաստանն է, որովհետև միայն ու միայն Հայաստանի ու Ռուսաստանի սպառնալիքներն են նույնը` թե՛ արևմուտքից, թե՛ արևելքից։ Ես նկատի ունեմ Թուրքիան և Ադրբեջանը։ Նրանք հավասար չափով սպառնալիք են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար»,– ասաց Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետը կարևորեց, որ ընթացող նոր աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում թե՛ Հայաստանի ու թե՛ Ռուսաստանի քաղաքական ղեկավարները վերաիմաստավորեն երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։
Ռուս–ուկրաինական բանակցությունների դինամիկան իրավիճակի պահանջներին համապատասխան չէ. Պեսկով
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։