ՌԴ–ի հետ համաձայնեցվել է տարհանման 8 մարդասիրական միջանցք. Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել երթուղիներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ այսօր ՌԴ–ի հետ համաձայնեցվել է 8 մարդասիրական միջանցք` Դոնեցկի, Լուգանսկի և Կիևի շրջաններից մարդկանց տարհանման համար։
«Մարդկանց Մարիուպոլից Զապորոժիե տարհանելու համար կգործեն մի քանի հումանիտար միջանցքներ. Բերդյանսկ-Զապորոժիե, Մանգուշ համայնք-Զապորոժիե, Նիկոլսկ-Զապորոժիե»,- ճեպազրույցում ասել է Վերեշչուկը:
Նրա խոսքով՝ այսօր մարդասիրական միջանցքներով տարհանում կիրականացվի Կիևի և Լուգանսկի շրջաններից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։