ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են լեռնային տեղանքում կառուցված ստորգետնյա մի զինանոց։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ–լեյտենենտ Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ զինվորականները մարտի 21-ին գերճշգրիտ զենքով ոչնչացրել են Կիևի չաշխատող առևտրի կենտրոնում առկա ուկրաինական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտկոցը։ Բարձր ճշգրտության հարվածներ են հասցվում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, բայց ոչ քաղաքացիական օբյեկտներին»,– նշել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածում են միայն ազգայնականները և ուկրաինական զինված ուժերը, այդ մասին փաստերը բազմաթիվ են։
Կոնաշենկովը նաև տեղեկացրել է, որ «Կինժալ» հրթիռով ոչնչացվել է Ուկրաինայի ստորգետնյա զինանոցներից մեկը։ Հրթիռը գործարկվել է ավելի քան 1000 կմ հեռավորությունից, թռիչքի տևողությունը եղել է 10 րոպեից քիչ։
Ուկրաինայում «Կինժալ»-ով ոչնչացված ստորգետնյա զինանոցը լեռնային տեղանքում կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակներում՝ հատուկ զինատեսակների և հրթիռների համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։