Ռադայում առաջարկել են Կիրկորովին, Բասկովին, Լորակին և Կրուտոյին զրկել պատվավոր կոչումներից

Անի Լորակ. Արխիվային լուսանկար
Քաղաքական գործիչները դատապարտում են այն, որ արտիստները լռում են ու դեմ չեն արտահայտվում պատերազմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գերագույն ռադայի հումանիտար և տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեն դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն` Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին, Անի Լորակին, Իգոր Կրուտոյին, Տաիսիյա Պովալիին և այլոց Ուկրաինայի ժողովրդական ու վաստակավոր արտիստի կոչումներից զրկելու խնդրանքով։
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խմբակցության փոխնախագահ Եվգենիա Կրավչուկը։
«Այն ժամանակ, երբ Ուկրաինայի իսկական արտիստներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցեն իրենց երկրին, ոմանք շարունակում են իրենց արժանապատվությունը վաճառել արյունոտ ռուբլիների համար` հերքելով պատերազմը և Ուկրաինայի դեմ ագրեսիան։ Այս մարդիկ մեր երկրում պատիվ չեն ունենա ոչ միայն մարդկային առումով, այլև պաշտոնապես»,– նշել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։