Նոբելյան կոմիտեն չի կարող հանուն Զելենսկու երկարաձգել թեկնածուների առաջադրման ժամկետները

Վլադիմիր Զելենսկի
Ներկա և նախկին քաղաքական գործիչները, Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն չի կարող երկարացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետները։ Տեղեկությունը հայտնել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Օլավ Նյոլստադը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու առաջադրման նախաձեռնությունը: ՌԻԱ Նովոստին հրապարակել է Նյոլստադի հայտարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ներկա և նախկին քաղաքական գործիչները, Եվրախորհրդարանի անդամները Զելենսկուն 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Նրանք նաև խնդրել են Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման ընթացակարգը երկարացնել մինչև 2022 թվականի մարտի 31-ը (հաստատված ընթացակարգի համաձայն՝ ժամկետը լրացել է հունվարի 31-ին):
«Այսօրվա դրությամբ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն չի ստացել ձեր հարցման մեջ հիշատակված նամակը... հանձնաժողովը չի կարող երկարացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը, որը նշանակված է հունվարի 31-ին: Սակայն կոմիտեի անդամներն իրավունք ունեն իրենց թեկնածություններն առաջադրել ընդհուպ մինչև կոմիտեի առաջին պաշտոնական նիստը»,– նշված է Նյոլստադի պատասխանում:
Նա նաև ավելացրել է, որ այդպիսի պաշտոնական նիստ արդեն կայացել է փետրվարի 28-ին:
Ավելի վաղ Նորվեգիայի նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի են հավակնում 251 մասնավոր անձ ու 92 կազմակերպություն: 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ռուս լրագրող և «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ու ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսան: