ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
«ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։