ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Վերջին 1 շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է ինքնակամ շինությունների կառուցման 4 դեպք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց խորհրդակցությանը մասնակցող ԱԻՆ ներկայացուցիչը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին այս լուրը զարմացրեց։
«Ես զարմանում եմ, որ մինչև հիմա ինքնակամներ են կառուցում մարդիկ։ Այդքան զգուշացրեցինք, տեղեկացրեցինք, որ այդ ինքնակամներն այլևս չեն օրինականացնելու։ Գնում են բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ իրենց ինչ-որ բաներ են խոստանում։ Հարգելինե՛րս, վստահեցնում եմ, այդ խոստումները ոչ մի բան են։ Անիմաստ մի սարքեք։ Հետո պիտի գաք, ասեք` վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտեինք։ Ես գիտեմ, ինչ–որ մարդիկ ինչ–որ բաներ են խոստանում քաղաքապետարանում։ Ես ձեզ պաշտոնապես հիմա հայտարարում եմ` ինքնակամներն այլևս չենք օրինականացնում, պրծավ»,– ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք` 2022թ–ի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Ինքնակամ շինությունների հաշվառման կարգին վերաբերող որոշում։Դրանով սահմանվել է, որ ՀՀ–ում կօրինականացվեն մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամները։ Օրինականացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունվարի 1-ը։
ՀՀ քաղաքային այլ համայնքներում կառուցված շինությունները կօրինականացվեն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Ընդ որում, այդ ընթացքում ինքնակամ կառույցի վրա շինարարությունը շարունակելն արգելվում է և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված հատվածը չի օրինականացվի։
Վերահսկողությունը կիրականացվի արբանյակային լուսանկարների միջոցով, որոնցով արդեն արձանագրվել են մինչև 2021թ–ի հունվարի 1-ը կառուցված շինությունները։