ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի 5 կետը։
Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Օրաթերթը նշում է, որ հանդիպման շարժառիթը եղել է նաև ապրիլի սկզբին նշանակված Փաշինյանի մոսկովյան այցը և այն խոսակցությունները, թե հենց այդ ժամանակ է ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը։
«Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ դեռ վաղ է որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին խոսել և, որ պաշտոնական Երևանն ադրբեջանական 5 կետին ի պատասխան «լրացումների» ցանկ է ներկայացրել, որոնք այդ փաստաթուղթը ավելի հայանպաստ են դարձնում։ Վերջինս, սակայն չի պարզաբանել թե ինչի մասին է խոսքը»,– գրում է պարբերականը։
Նա թիմակիցներին ասել է, որ գործընթացը մեկնարկել է, պետք է քննարկել և հասկանալ հանրային տրամադրությունները:
Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։