ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հրազդանի կիրճում վատ վիճակ է։ Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման արձանագրում արեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մենք ֆիքսել ենք, որ վատ վիճակ է այնտեղ։ Անհրաժեշտ է, որ կիրճին ինչ-որ հատուկ կարգավիճակ տանք, որ այսուհետ այնտեղ որևէ գործողություն չկարողանան անել»,– ասաց Սարգսյանը։
Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը հայտնեց, որ կիրճին բնապահպանական հատուկ կարգավիճակ տալու հարցը քննարկվել է «Երևան նախագիծ» ՓԲԸ–ի քաղաքաշինական բաժնի և Շրջակա միջավայրի նախարարության հետ։
«Տարածքը` իր բնապահպանական նշանակությամբ խիստ կարևոր է քաղաքի համար և ունի տարբեր գոտիավորումներ` ծանրաբեռնված ինչպես տնտեսական, այնպես էլ հանգստի գոտիներով։ Այնտեղ կան պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ օբյեկտներ, ինչպես նաև` բնության երկու հուշարձան։ Գետի վրա նաև 3 ՀԷԿ է տեղակայված, տարածքը նաև բազմաթիվ անթրոպոգեն ազդեցությունների է ենթարկված»,– ասաց Նազարյանը` հիշեցնելով, որ Հրազդանի կիրճը` որպես բնական լանդշաֆտ, Բնական լանդշաֆտների եվրոպական կոնվենցիայի համաձայն, ենթակա է պահպանության։ Բայց դրա համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ օրենդրության մեջ։
Երևանի քաղաքապետը հանձնարարեց մշակել համապատասխան օրենքի նախագիծ, որով Հրազդանի կիրճում ամբողջությամբ կարգելվի ռեստորանների ու նմանատիպ այլ օբյեկտների գործունեությունը։