Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, կան բազմաթիվ փակ ճանապարհներ

ԱԻՆ–ից հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, տեղ–տեղ բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):
Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Օձուն-Դսեղ և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Արտավազ-Հանքավան ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Չարենցավանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-46-րդ կմ-ին, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Գնդեվազ, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհներին բուք է:
Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։
Արցախում դպրոցներն ու մանկապարտեզները վաղը չեն գործի. «մեղավորը» ձյունն է
ԱԻՆ–ից հորդորում են եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։