Եթե ձյունը շարունակվի, աղ-ավազը Երևանում կարող են չբավարարել. քաղաքապետարանում մտահոգ են

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարեց դիտարկել եղանակային կանխատեսումներն ու անհրաժեշտության դեպքում նոր ձեռքբերում իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի փողոցներում ցանվող աղ ու ավազը ձյան տեղումների շարունակվելու դեպքում կարող է չբավարարել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
«Այսօր առավոտյան վերջացավ թե՛ Ջրվեժի պահեստում, թե՛ Թբիլիսյան խճուղում։ Հիմա միայն մնացել է մեր հիմնարկում»,– ասաց նա` հավելելով, որ եթե ձյունը շարունակվի ևս 4-5 օր, աղն ու ավազը կարող են չբավարարել։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարեց դիտարկել եղանակային կանխատեսումներն ու անհրաժեշտության դեպքում նոր խմբաքանակի մասին մտածել։
Չպետք է թույլ տալ, որ իրանցի զբոսաշրջիկները հիասթափվեն. Ապրեսյանը` ճանապարհների մասին
Ինչ վերաբերում է արդեն տեղացած առատ ձյանը, Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ ամբողջ գիշեր Երևանի մաքրման ծառայություններն աշխատել են` անխափան երթևեկություն ապահովելու համար։
«Երևանի կենտրոնական փողոցներն ամբողջությամբ բաց են, երկրորդական փողոցներում աշխատանքները դեռ շարունակվում են»,– ասաց Մանուկյանը։
Օդերևութաբանների կանխատեսումներով` Երևանում մարտի 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: