ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բակերից մեկում աղվես է հայտնվել։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook–ի էջում է հայտնել այս մասին`կից լուսանկարներ հրապարակելով։
Օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ բակում աղվեսի ձագ կա։
Տեսչական մարմնի և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աղվեսի ձագին հատուկ միջոցներով բնակելի շենքերի բակից տեղափոխել են վայրի բնություն և բաց թողել բնական միջավայր:
Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի առաջ էլ` 2020-ի մայիսի 11-ին, ԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ, աղվեսի ձագեր կան։
Փրկարարները մազութի տակառից դուրս էին բերել աղվեսի ձագերին և տեղափոխել անվտանգ տարածք: