ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի տրանսպորտային կանգառներում տեղադրված աղբամանները նորից գողանալու են։ Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Այն աղբամանները, որ դրված են, ես կարծում եմ` գողանալու են»,– ասաց նա` հիշեցնելով, որ աղբանների տեղադրման ծախսը Երևանի բյուջեի վրա 240 մլն դրամ է արժեցել։
«Ստացվելու է, որ 240 մլն ծախսել ենք, լուսաբանել ենք, թե տեսեք, մենք աղբամաններ ենք դրել կանգառասրահների կողմը, ու դրանք հետո հայտնվելու են տարբեր մարդկանց ամառանոցներում կամ ինչ–որ տեղ»,– ասաց Սարգսյանը` առաջարկելով աղբամանների տեղադրումը հետաձգել 2 շաբաթով ու այդ ընթացքում քննարկել գողությունը կանխելու տարբերակներ։
Քաղաքապետը նաև հայտնեց, որ ինքը որոշակի գաղափար ունի, թե ինչպես կարելի է քաղաքային գույքի նկատմամբ հսկողություն իրականացնել։