ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը ձերբակալվել է:
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ընկերության տնօրենը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 189-ի 3-րդ մասի (կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել) կասկածանքով»,– նշեց Թադևոսյանը։
Նման արարքը պատժվում է 4-8 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Հիշեցնենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալեքսան Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը 2019 թվականի օգոստոսին ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով, մի քանի օր անց Զաքարյանը կալանավորվել էր։ Տվյալ ընկերություններում և Զաքարյանի ու Սահակյանի բնակարաններում խուզարկություններն անցկացվել էին 2018 թվականին։
Արդյունքում պարզվել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի հետևանքով ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել:
2019 թվականի սեպտեմբերի 13-ին Ալեքսանդր Զաքարյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։