Չպետք է թույլ տալ, որ իրանցի զբոսաշրջիկները հիասթափվեն. Ապրեսյանը` ճանապարհների մասին

Ապրեսյանի կարծիքով` զբոսաշրջիկների զգալի մասն Իրանից Հայաստան են գալու ցամաքային տարածքով, ուստի պետք է հնարավորինս շուտ լուծել փակ ճանապարհների խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանում անընդհատ տեղացող ձյունը դժվարություններ է ստեղծում Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի համար։ Ճանապարհները դժվարանցանելի են և Սյունիքի մարզում անգամ օպերատիվ շտաբ է բացվել, որպեսզի կարողանան իրանցի զբոսաշրջիկներին տեղավորել մինչև ճանապարհները բացվելը։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նշենք, որ այսօր Իրանում նշվում է Նոր տարին` Նովրուզը, և տոնի կապակցությամբ առաջիկա օրերին զբոսաշրջային հոսք է սպասվում Իրանից Հայաստան, հատկապես ցամաքային ճանապարհով։
Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ
Ապրեսյանի խոսքով` եղանակային պայմաններով պայմանավորված իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում զբոսաշրջության վրա։
«Մենք ամեն ինչ պետք է անենք, հնարավոր բոլոր ուժերը ներգրավենք, որպեսզի կարողանանք շուտափույթ ճանապարհների հարցը լուծել և դրանք բացելու պատշաճ գործընթացն ապահովենք, այլապես բոլոր պլանավորված այցելությունները կխափանվեն, քանի որ բոլորը պատրաստվել են, հյուրանոցներն ամրագրված են, հատկապես չպետք է թույլ տալ, որ իրանցի զբոսաշրջիկները հիասթափություն ապրեն։ Ամեն ինչ պետք է անել, որ նրանց այցը Հայաստան և հանգստի կազմակերպումը պատշաճ մակարդակով կազմակերպվի»,–ասաց Ապրեսյանը։
Անդրադառնալով օդային տարածքով Իրանից Հայաստան թռիչքներին, Ապրեսյանը նշեց, որ այստեղ խնդիրներ չկան, հետաձգված կամ չեղարկված թռիչքներ։
«Վերջին օրերին արդեն 7-8 չվերթ է իրականացվել Իրանից–Հայաստան։ Նովրուզի հետ կապված` մինչև ապրիլի սկիզբ մոտ 30 չվերթ է նախատեսված, որից 24–ը` զգոսաշրջության նպատակով։ Միայն օդային տարածքով նախատեսվում է, որ մոտ 3000 իրանցի զբոսաշրջիկներ կժամանեն ՀՀ»,–ասաց նա։
Ապրեսյանը համոզված է, որ իրանցի զբոսաշրջիկների զգալի մասը ՀՀ են գալու ցամաքային տարածքով, ուստի պետք է հնարավորինս շուտ ճանապարհների բացման աշխատանքներն ավարտին հասցնել։