Ադրբեջանական ԶՈւ–ն Ներքին Հանդից հեռացել է եղանակի պատճառով. ՀՀ ՊՆ–ն պարզաբանում է

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է` գյուղի տարածքը չի դիտարկվում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է ԶԼՄ–ներում տարածվող այն լուրը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի գյուղ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշում են` այդ պնդումը հիմնավորված է նաև տարածքի տարբեր ժամանակահատվածների դիտարկումներով։
Հայտնել էինք, որ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։ ՊՆ–ն, սակայն, հերքել էր այս լուրերը և ընդգծել, որ այդ տարածքը ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել ավելի վաղ։
Այժմ էլ գերատեսչությունը պնդում է, որ հայ–ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։
ՊՆ–ն հայտնում է, որ ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո, փորվել են խրամատներ։
«Դրանք առանց պատշաճ կահավորման են մնացել և ձմեռային պայմաններում պիտանելի չեն եղել կացության համար։ Այդ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը` չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ, ստիպված հեռացել է։ Եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ, նրանք վերադարձել են և նախկինում իրենց կողմից փորված խրամատներին հարակից տարածքում` նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել են վրաններ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ մարտի 21-ին տեղեկացրել էր, որ Ներքին Հանդի եկեղեցին, վարելահողերի մի մասը, գերեզմանոցը ադրբեջանական ԶՈւ դիրքավորման արդյունքում նշանառության տակ են։
ՊՆ–ն այս մասով հայտնում է, որ կա նույն անվամբ երկու գյուղ` Հին Ներքին Հանդ, որը բնակեցված չէ և նորը, որը ադրբեջանական դիրքերից հեռու է շուրջ 2 կմ, ինչպես նաև տարածքում կա մի քանի բարձունք, ինչը բացառում է Ներքին Հանդ գյուղի դիտարկումը։
Պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ տեղում մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն` վերահսկողության տակ պահելով ադրբեջանական զինծառայողների ցանկացած տեղաշարժ։