Ադրբեջանական կողմը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱն, 21 մարտի - Sputnik. Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»,-նշված է գրառման մեջ։
Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:
Քաղաքացիներին շտաբից հորդորում են հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից:
Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն իսկ սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։